ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

29/04/2026

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

 

2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:

 

Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝

 

  • անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք,
  • զինվորական պաշտոնեական անփութության 1 դեպք,
  • բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք,
  • կայծակնահարության 1 դեպք,
  • հիվանդության 2 դեպք:

 

2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված՝ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66,7 %-ով (2024 թվականին՝ 27):

 

2025 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411.728.063 դրամ (2024 թվականին՝ 1.479.117.389 դրամ), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 108.712.388 դրամը (2024 թվականին՝ 51.935.493 դրամ):

 

Աննա Վարդապետյանի խոսքով՝ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): «2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ 2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:

 

2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է: Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս չի ավարտվել: Ամբողջությամբ բավարարված 5 գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466 հազար դրամ: