ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Հայաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ. դատախազը գործն ուղարկել է դատարան

05/05/2023

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը):

 

Վարույթի ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ 5 անձինք, նախնական համաձայնությամբ, 18 և 26 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացու անօրինական միգրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, չորսի նկատմամբ՝ գրավը:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: