Նորություններ
21/04/2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ բաղկացած 11 հիմնական բաժիններից:
Դրանք, մասնավորապես, վերաբերում են՝
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, սահմանված ժամկետում՝ 2023 թվականի մարտի 31-ին, Ազգային ժողով է ներկայացվել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Դատախազության պաշտոնական կայքէջում:
Գլխավոր դատախազը հիմնականում անդրադարձել է Դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը («ուշացած արդարադատությանը»), որից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:
Գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
«2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ:
2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794):
2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին: 2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է:
2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ:
Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։
2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։
Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։
2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379):
Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ:
2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով):
Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99):
2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ:
Մասնավորապես՝
Մյուս մանրամասները ներկայացված են Դատախազության կայքում հրապարակված հաղորդման մեջ:
2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ (2021 թվականին՝ 55 նյութ) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ (2021 թվականին՝ 23 նյութ՝ 105 անձի վերաբերյալ):
2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով՝ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում (2021 թվականին՝ 65 որոշում), որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում (2021 թվականին՝ 21 որոշում): 2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է Օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ:
2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:
Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին:
Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են.
2022 թվականի ընթացքում 244 քրեական գործեր (վարույթներ) կարճվել են վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022 թվականին 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով:
2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը մեկ տարուց ավելի:
Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, իսկ սուբյեկտիվ պատճառներից է՝ քննիչների, դատախազների և դատավորների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակ, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով վեր են հանվել մի շարք գործեր, որոնցով գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը խնդրահարույց է:
Այս կապակցությամբ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունների դեպքերը, անհետաձգելի կամ չնախատեսված հանգամանքերով պայմանավորված դատական նիստերից բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին պետք է գրավոր տեղեկացվի գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ հանձնարարված ոլորտների, ինչպես նաև ապահովվի, որ դատական նիստից հարգելի պատճառով բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին նախապես գրավոր տեղեկացվի համապատասխան դատարանի աշխատակազմը և ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:
Նաև գրություն է հասցեագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ առաջարկելով խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել կոնկրետ դատական գործերով դատական քննությունների ձգձգումների պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ դատարանների վարույթներում քննվող քրեական գործերով քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ:
Դատախազության տարեկան հաղորդման մեջ ներկայացված են օրինակներ, որոնք փաստում են ուշացած արդարադատության վերաբերյալ բարձրաձայնածս մտահոգությունները:
Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակներում հանձնարարական է հասցեագրվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որով սահմանվել են Գլխավոր դատախազության (Զինվորական կենտրոնական դատախազության) համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ կայանալիք օպերատիվ խորհրդակցություններում համապատասխանաբար 6 ամսից և 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները:
Սկսվել է հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը, որը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 1-ին զեկուցվել են հաձնարարականից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: Այս տարվա փետրվարի 6-ից՝ հանձնարարականի տրման օրվանից մինչև ապրիլի 1-ը՝ ամփոփման օրը, գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:
Գործերի քննության ժամկետների հարցը մշտապես լինելու է Դատախազության կենտրոնում»: