Նորություններ
09/11/2007
2007 թվականի նոյեմբերի 8-ին շահագործման հանձնվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության հիմնանորոգված վարչական շենքը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ՀՀ դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ:
Երկհարկանի վարչական շենքը նախկինում նախատեսված է եղել մանկապարտեզի համար եւ մինչեւ 1999թ. այնտեղ գործել է «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող մանկապարտեզը: 2000 թվականին հիշյալ շենքը հատկացվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությանը եւ նույն թվականին այն հաշվառվել է ՀՀ դատախազության հաշվեկշռում:
Վարչական շենքի վերանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2007 թվականի հունիս ամսին՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների շրջանակներում: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Աստղիկ-5» ՍՊԸ-ն:
Շուրջ 500 քմ մակերես զբաղեցնող Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության վարչական շենքն ունի 14 աշխատասենյակ, ապահովված է ջեռուցման համակարգով: Աշխատասենյակների կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով, համալրվել՝ անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: