Ընդիմադիր պատգամավորների բոլոր ելույթների, ինչպես նաև Դատախազության համակարգի և անձամբ իմ դեմ թիրախավորումների իրական պատճառն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած «անհանգստությունն» է: Անդրադառնալով մի շարք քաղաքական ելույթների իրավական կողմին՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և թվարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանից և Աղվան Վարդանյանից պահանջվող ապօրինի գույքերն ու դրամական միջոցները:
Մասնավորապես՝
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 6 անձանցից՝ զավակներից և նրանց ամուսիններից (Սեդրակ Քոչարյանից, Զարուհի Բադալյանից, Լևոն Քոչարյանից, Սիրանուշ Քոչարյանից, Գայանե Քոչարյանից, Վիգեն Չատինյանից) հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.
- 23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ: Անշարժ գույքերից 19-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում՝ 8-ը Պարոնյան փողոցում, 4 բնակարաններ Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Աբովյան փողոցում, իսկ 2-ը Վազգեն Սարգսյան, բնակարաններից 2-ը՝ Տերյան փողոցում են, իսկ մեկը՝ Մանուկ Աբեղյանի.
- Պահանջը ներառում է նաև 2 գույքի գնման իրավունք.
- ավելի քան 3 միլիոն դոլար և 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր.
- ավելի քան 1,4 միլիոն դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ.
- Պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են այնպիսի ընկերություններ ինչպիսիք են ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, և այլն.
- Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: Ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Այն ներառում է նաև ավելի քան 20 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդի և անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ ձեռքբերողներին փոխանցված կամ չնույնականացված գումարների հանրագումար: Գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում:
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել.
- 14 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 2 իրավաբանական անձում մասնակցություն.
- 000 հատ բաժնետոմս.
- ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
- 1100 հատ արժեթուղթ.
- 1 միլիարդ 111 միլիոն 685 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 410 միլիոն 581 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.
- Կոտայքի մարզում գտնվող 1 անշարժ գույք.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 110 միլիոն 306 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
- 248 միլիոն 267 հազար դրամ, որը չի հիմնավորվում Աղվան Վարդանյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.
- 5 անշարժ գույք.
- 5 տրանսպորտային միջոց.
- 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
«Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, երեք բացատրություն ենք լսում՝ «նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»: Դատարանները դեռ կքննարկեն «պապիկների ու տաղանդավոր որդիների» հարցը»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանին՝ նվերի հարցը լուծելու համար. հստակ սահմանվել են նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։