Նորություններ
04/11/2025
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ: Գույքերի ընդհանուր շուկայական արժեքը, ըստ փորձագետի գնահատման, 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59 և Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: