ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

22/09/2025

Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

 

Պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 հա մակերեսով հողամաս՝ 99 տարի ժամկետով:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան՝ չի իրականացրել կառուցապատում:

 

Մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը դադարեցնելու, անշարժ գույքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ:

 

Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից՝ 0.03 հա մակերեսով հողամասը: