ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 210 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք 80 միլիոն դրամ վնասը

12/09/2025

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանրամեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող չորս անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, գործելով խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով 2023-2024 թվականների ընթացքում թաքցրել է նշված անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։

 

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի մարտի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

 

2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 80 միլիոն դրամ վնասը:

 

Նախաքննությունն ընթացքի մեջ է: