Նորություններ
02/07/2025
Եվրոպացի դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ ունկնդրել են հայազգի կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկած՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Դաշնամուրային երաժշտության համերգից հետո պատվիրակությունների ներկայացուցիչները շրջայց են կատարել Թանգարան-պատկերասրահում, ծանոթացել գրաֆիկական աշխատանքներին, գեղանկարներին, քանդակներին։
Նշենք, որ Դիլիջանի Թանգարան-պատկերասրահում ցուցադրված են մի շարք անվանի նկարիչների կտավներ` այդ թվում Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի: