Նորություններ
22/04/2025
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն:
Գիտաժողովի համատեքստում նախատեսվում է ներկայացնել «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն վերահրատարակված թարգմանությունը, հայ և օտարազգի մասնագետների գիտական զեկույցների շրջանակներում վերլուծել արդի իրավունքի կանոնական, միջնադարյան ակունքները:
Հիշեցնենք, որ Մատենադարանի հայտով 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։