Հարց. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերը ի՞նչ փուլում են, ովքե՞ր են մեղադրյալները, ինչպիսի՞ն են փաստերը, որ ապացուցում են, որ Ադրբեջանը թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, և պատերազմում ներգրավված էին նաև ահաբեկչական խմբավորումներ, նրանց պարագլուխներից մի քանիսը հետախուզման մեջ էին, ի՞նչ նորություններ կան այս թեմայով:
Պատասխան 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, մենք իրավական առումով այսօր արդեն կոչում ենք ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից իրավական գնահատականներ ենք տվել յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք արդեն: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման: Եվ մենք այսօր կարող ենք միանշանակ պնդել, որ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերը իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների, և դա մեզ հնարավորություն տվեց նաև հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո առավել ակտիվացնել մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այս մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ: Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը:
Հարց. Պարոն Դավթյան, Դուք վերջերս Ռուսաստանի Ձեր պաշտոնակցի հետ միասին եռակողմ հանդիպում ունեցաք Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել, ի՞նչ կարող եք ասել այդ հանդիպման մասին, ի՞նչ կտան այդ հանդիպումները հետպատերազմյան Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով խնդիրների հաղթահարման տեսանկյունից:
Պատասխան - Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ըստ էության տարածաշրջանում այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում, և ի պատիվ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից ինքը նախաձեռնություն է ցուցաբերել հատկապես հումանիտար, իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելու և ունենալով մեկ նպատակ, որպեսզի այդ բնույթի խնդիրները շատ արագ լուծվեն բոլորի համար կարծում եմ հասկանալի է մի բան, առանց հումանիտար խնդիրների ըստ էության լուծման, այսօր արծարծվող, նաև փաստաթղթերում առանձին շրջանառվող այլ համագործակցության, այլ ուղղություններով գործակցությունը միշտ էլ վտանգված է լինելու: Եվ առաջին մեր եռակողմ հանդիպումը եղավ հունվար ամսին Մոսկվայում ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, օրակարգը այդ պահին իմ կողմից բարձրացված եղել է այս տրամաբանության մեջ՝ հատկապես մեր գերիների վերադարձման հարցը: Իհարկե, ՀՀ-ն տարբեր մեխանիզմներով, տարբեր պետական ինստիտուտների համագործակցության արդյունքում է այս ուղղությամբ աշխատել, որովհետև սա առաջնահերթություն է եղել մեզ համար, որպես պայմանական արդյունք կարող ենք համարել այնքանը, որ դրանից հետո մենք բավականաչափ մեր ռազմագերիների վերադարձ ունեցել ենք: Ցավով, այս պահի դրությամբ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կա ընդհանուր, բազմակողմ ընկալում, որ այդ խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի: Դրան հաջորդել է մեր 2-րդ հանդիպումը և վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Նոր Սուլթանում, այստեղ քանի որ գերիների լիարժեք վերադարձ մենք չունեինք, կրկին առաջին խնդիրը իմ կողմից բարձրացված եղել է գերիների հարցը, սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը, և դա բացատրել եմ այն պարզ, հասկանալի պատճառով, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպ, իսկ այդպիսի օրինակներ մենք շատ ենք ունեցել, միշտ էլ կարող են որևէ կողմի կողմից գեներացվել և ցանկացած պահի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք ինչ կուլմինացիայի կարող են բերել: Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը, և դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով բայց ձեռք բերել պայմանավորվածություններ, իհարկե, սա էլ հեշտ չէ, սա, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում: Վստահորեն կարող եմ ասել, որ դրան հաջորդող հիշարժան միջադեպերից մենք ունեցանք Արցախում՝ Մարտակերտի շրջանում, տրակտորի վարորդի սպանությունը, և մեր պայմանավորվածությունների շրջանակում մենք անմիջապես տեղեկատվությունը տվել ենք մեր ռուս գործընկերներին, ակնկալել ենք, որ նրանք ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կսկսեն: Մենք ստացել ենք պատասխան տեղեկատվություն, մենք տեսնում ենք, որ մեր ռուս գործընկերները ակտիվ կապի մեջ են գտնվում: Մեր պահանջները մենք շատ հստակ ենք ձևակերպել. նմանատիպ անկացած դեպքի առնչությամբ նշածս մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի այն դեպքում, երբ որ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի, ընդ որում՝ երկուստեք, յուրաքանչյուր զինծառայող պետք է իմանա, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հանցավոր խախտւմը արժանանալու է քրեաիրավական հետևանքների:
Հարց. Երկրում հակակոռուպցիոն պայքարի մակարդակը ինչպե՞ս կգնահատեք, մանավանդ նոր ստեղծված կառույցի ֆոնին:
Պատասխան Վերջին տարիներին մենք ամեն նախորդ տարվա համեմատ բազմապատիկներով այդ առումով արդյունքներ ունենք, ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց քանակի, պետությանը պատճառված վնասի բացահայտման, այնպես էլ կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասի վերականգնման առումով: Դուք տեսեք քրեական հետապնդման ենթարկվող անձանց շրջանակը և խնդրեմ համեմատեք դա Ձեզ հետաքրքրող ցանկացած տարվա հետ: Նույնիսկ առիթ ունեցա ԱԺ-ում ասելու, քրեական հետապնդման ենթարկվող այս անձանց շրջանակի առումով համեմատեք ցանկացած որևէ այլ երկրի հետ՝ առանց բացառության: Ես կարծում եմ, որ ահռելի աշխատանք է կատարվել: Բնականաբար, բոլորս էլ այն միտումն ենք ունեցոլ, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեք չի ավարտվում և կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես կատարելագործվելու անհրաժեշտություն ունի: Մասնագիտացված կոնկրետ մարմնի աշխատակիցների ընտրության, նրանց սոցիալական և իրավական երաշխիքների վերաբերյալ կամ դրանց նկատմամբ պետության առանձնահատուկ վերաբերմունքը ուղղակի չի կարող առավել դրական արդյունքներ չտալ:
Հարց. Վիրավորանքի քրեականացման մասին ի՞նչ կասեք, ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը, և կան արդեն հարուցված քրեական գործեր:
Պատասխան Մեր մասնագիտական վերլուծություններն են դրան բերել, որ ատելության խոսքի ծավալների զգալի աճը լուրջ կրիմինածին, քրեածին նշանակություն է ունենում, և մենք, մեր վերլուծությունների արդյունքում եկել էինք այն հետևության, որ այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար, գոնե այս ժամանակահատվածում իրականացնելու համար մենք պետք է այդ արարքը քրեականացնենք: Մեր երկար պայքարի արդյունքում մեզ հաջողվեց դա քրեականացնել: Դա միանշանակ դրական քայլ է: Արարքների քրեականացումը միայն չափելի չէ այն հանգամանքով, թե քանի անձ է դրա համար քրեական հետապնդման ենթարկվել: Նոր քրեական օրենքի ընդունումը, նոր արարքի քրեականացումը ավելի մեծ առումով ունի կանխարգելիչ էֆեկտ: Դրա արդյունքում վարքագծի կանոն է սահմանվում, և շատերը խուսափում են արդեն այդ վարքագծից: Ես կարծում եմ՝ մեր երկրում դա տեսանելի է: Ամբողջ աշխարհը՝ այդ թվում նաև մեր երկիրը, խնդիր ունի այդ ֆեյք տեղեկատվության, այսինքն՝ տեխնոլոգիաների տված այդ հնարավորությունները սահմանափակելու կամ դրանք վերահսկելի դարձնելու: Եվ երբ որ մեր հանրությունը կտեսնի այդ արարքի համար կոնկրետ պատժվող անձանց դատական ակտերով, ես կարծում եմ՝ դրա կանխարգելիչ ազդեցությունը շատ ավելի կմեծանա: Ինձ համար, անկեղծ ասած, առաջին իսկ պահից անհասկանալի է եղել այն արշավը, որ իրականացվեց այս արարքի քրեականացման դեմ, որովհետև մենք այդպիսի արարքներ առանձին պաշտոնյաների նկատմամբ վաղուց ունեինք, և դա որևէ մեկի մոտ հարց չէր առաջացրել: Օրինակ՝ մենք տևական ժամանակ քրեական օրենսգրքում ունենք «մարդու իրավունքների պաշտպանին վիրավորելը» որպես քրեական հանցագործություն, բայց երբևէ որևէ մեկի մոտ վիճահարույց չի եղել, թե ինչու է այս մի տեսակի վիրավորանքը քրեականացված: Դատավորի նկատմամբ վիրավորանքը, դատախազի, քրեական հետապնդման մարմինների աշխատակիցների նկատմամբ վիրավորանքը քրեականացված էին: Մեր վերլուծությունները հանգեցրեց նրան, որ այսպիսի մոտեցումները ոչ թե պետք է լինեն անհատական, այդպիսի մոտեցումները պետք է լինեն համընդհանուր, այսինքն՝ հրապարակային խոսքը հենց պաշտպանելու համար է, ազատ, հրապարակային խոսքը հենց պաշտպանելու համար է դա արվում, և մենք քրեաիրավական պաշտպանության տակ վերցրինք հրապարակային խոսք ասողին, ով իր հրապարակային խոսքի արդյունքում կարող է արժանանալ այդ թվում նաև վիրավորանքի:
Հարց. Ի՞նչ արդյունք են տալիս միջազգային գործակցության ծրագրերը մանավանդ ՌԴ-ի, ԻԻՀ-ի հետ:
Պատասխան ՀՀ-ն տարբեր երկրների հետ այս ոլորտում ունի միջազգային իրավական համագործակցության փաստաթղթաշրջանառություն, կեսից ավելին բաժին է հասնում ՌԴ պատկան մարմիներին, հատկապես՝ Դատախազությանը: Այս ոլորտում մենք աշխատանքի լրջագույն օպերատիվացում ունենք. առավել արագ են այդ պահանջները կատարվում, առավել փոխադարձ ընկալելի են այդ համապատասխան գործողությունները կատարվում: Տնտեսական ֆորումների ընթացքում մենք համատեղ մեր զեկույցներով մեր քննարկումներով կոնկրետ պանելային նիստերի ժամանակ ցույց ենք տվել, հիմնավորել ենք հետաքրքրություն ունեցող բոլոր անձանց, թե մեր երկրում ինչպիսի իրավական պաշտպանություն կա տնտեսվարողի համար, ներդրումներ իրականացնողի համար, և այստեղ շատ կարևորում եմ այն, որ մեր պատկերացրած այս համագործակցության հրապարակային իրականացումը նպատակ է ունեցել ակտիվացնել երկուստեք ներդրումների հոսքերը: Միջազգային համագործակցության ոլորտում կարծում եմ, հիշարժան է և անհրաժեշտ է խոսել ԻԻՀ-ի հետ մեր մասնագիտական ոլորտում համագործակցության մասին: Այդ ոլորտում ևս լուրջ աշխուժացում ունենք: ԻԻՀ գլխավոր դատախազի վերջին այցի ընթացքում մենք ուրախությամբ արձանագրել ենք ձեռքբերումները, բայց նորանոր մարտահրավերներին հակազդելու նոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Այդ պայմանավորվածությունների մեջ շատ կարևորում եմ տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համատեղ կամքը, իրավական մեխանիզմները լիարժեք գործադրելու անհրաժեշտության արձանագրումը, որի մասին շատ պարզ ու հստակ խոսեց նաև Իրանի իմ գործընկերը: Դեռևս պատերազմի առաջին օրերին, երբ որ մենք արդեն իսկ առաջին փաստական տվյալները ստացանք վարձկան-ահաբեկիչների տարածաշրջանում և հատկապես Արցախից հարավ ընկած հատվածում տեղակայման մասին, հաշվի առնելով նաև մեր գործընկերային հարաբերությունները՝ ես այդ մասին տեղեկացրել եմ իմ գործընկերոջը, որովհետև Իրանի հետ սահմանագիծ հատվածն էր, և ողջամիտ կասկածներ և ռիսկեր կային, որ ահաբեկիչները սահմաններ չունեն, և ցանկացած տեղաշարժ կարող է լինել: Սա գնահատվել է իմ գործընկերոջ կողմից, իրենց կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, այսօր իրենք ևս հստակ փաստերով արձանագրումներ ունեն տարածաշրջանում և նշածս հատվածում ահաբեկիչների գործունեության, այսօր էլ գոյության մասին, և առավել է անհրաժեշտությունը արձանագրվել համատեղ իրավական մեխանիզմներով այդ չարիքի դեմ պայքար իրականացնելու: