Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Կոռուպցիոն սխեմաներում ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում փոփոխությունների, վերահսկող մեխանիզմների, քաղաքական կամքի, երկրում տեղի ունեցող հանցագործությունների ու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, զինված խմբերի դատավարությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

-  Պարո՛ն Դավթյան, 2018 թվականին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը, ի՞նչ է փոխվելու Դատախազությունում, թե՞ Դատախազության գործառույթում ու կառուցվածքում որևէ փոփոխություն չի նախատեսվում:

- «Դատախազության մասին» նոր օրենքն իսկապես փոփոխություններ նախատեսել է, հակառակ դեպքում նոր օրենք ընդունելու իմաստը չէր լինի:  Դրանք հիմնականում պայմանավորված են բարեփոխված Սահմանադրությամբ պետական մարմինների ձևավորման և գործունեության հիմքում ընկած անկախության և գործառութային տարանջատման  սկզբունքների կենսագործման հրամայականով: Նշեմ փոփոխություններից թերևս ամենակարևորները: Նախ՝ սահմանվել է Գլխավոր դատախազի ընտրության այնպիսի մեխանիզմ, որն իշխանության թևերից, քաղաքական կոնյուկտուրայից, նրա գործառույթային անկախության  ավելի բարձր երաշխիքներ է ապահովում: Գլխավոր դատախազին Ազգային ժողովն ընտրում է նրա իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ պաշտոնանկ է արվում ԱԺ խմբակցության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սա հնարավորություն է ստեղծում դատախազին, վայելելով Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը, գործել ավելի անկախ, բայց նաև գիտակցել, որ իր կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում Ազգային ժողովի նույնիսկ ամենափոքր խմբակցությունն առնվազն կարող է քննարկման առարկա դարձնել իր պաշտոնանկության հարցը:

Սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման նոր ընթացակարգ՝ նշանակման իրավասությունը վերապահելով Գլխավոր դատախազին, ինչը վերջինիս պատասխանատվության աստիճանն առավել բարձրացնող գործոն է:

Բացի դրանից`ամբողջությամբ վերանայվել է դատախազների նշանակման և ծառայողական առաջխաղացման կարգը: Այն դարձել է ավելի կանխատեսելի: Դատախազ դառնալու հավակնություն ունեցող անձանց և գործող դատախազներին իրավունք է վերապահվում բողոքարկելու իրենց վերաբերյալ կայացված որոշումները: Դատախազների վարքագծի կանոնները բարձրացվել են օրենքի մակարդակի: Այսինքն՝ կարևորվել է դատախազի կողմից ինչպես աշխատանքային հարաբերություններում, այնպես էլ՝ դրանից դուրս, իր կոչմանը հարիր վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը: Սա, իհարկե, արված փոփոխությունների միայն մի մասն է:  

-Մեկ տարի առաջվա Ձեր խոսքով՝ Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի: Պաշտոնական բոլոր մակարդակներում ևս խոսվում է, թե անպատժելի մարդիկ ու չբացահայտվող հանցագործություններ չկան: Ըստ Ձեզ` հասարակության շրջանում վստահության ինչ աստիճան կա այդ հայտարարությունների վերաբերյալ: Խոսում ենք անպատժելի մարդկանց չլինելու մասին, բայց մինչ օրս ամենաբարձր պաշտոնյան, որ ամբաստանյալ է, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն է: Բարեխի՞ղճ են պաշտոնյաները, խախտումներ չե՞ն անում:Օրինակ` հարևան Վրաստանում պարբերաբար բարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվում, ըստ որում` վարչապետի մակարդակով, իսկ նախկին նախագահի դեմ ևս մեղադրանք կա:

-Ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն կարող լինել: Ես վերահաստատում եմ իմ նախկինում արած այն պնդումը, որ կոռուպցիոն սխեմաներում երբևէ ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը: Դրա ապացույցն այն է, որ 2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ, և քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Հրապարակված տվյալները հավաստում են, որ անցել են Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձեռնմխելիության մասին պնդումների ժամանակները: Մեր խնդիրը կատարվող աշխատանքի մասին հանրային համակողմանի իրազեկումն է, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների անկեղծ շահագրգռության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Իմ խորին համոզմամբ` հատկապես հանրային մասնագիտական շրջանակները չպետք է իրենց իսկ կողմից նկատելի արդյունքների, նախաձեռնությունների, իրականացվող բարեփոխումների հանդեպ կանխակալ բացասական կարծիք ձևավորեն՝ նախքան համոզվելը՝ որքանո՞վ են դրանք իրագործվում: Եթե անկախ ամեն  ինչից անդադար անվստահություն պետք է ներշնչվի հասարակությանը, իհարկե, վերջինիս ընկալումները շարունակելու են մնալ ցածր մակարդակի:

Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ ձեր արած համեմատությանը, ապա բացարձակապես այն կարծիքին չեմ, որ զուտ համադրելի ցուցանիշներ ապահովելու համար պետք է արհեստական գործընթացներ հարուցել: Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը հետապնդվի առանց իր մեղքը հիմնավորող բավարար ապացույցների: Նման համեմատությունները տեղին չեն, հատկապես, երբ հարևան երկրներից բերվող օրինակներն այդքան էլ միանշանակ չեն: Օրինակ՝ այդ նույն երկրներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցվել են քրեական հետապնդումներ, մի քանիսը դատապարտվել են, բայց վերջիններից ոմանց գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել: Արդյոք սա՞ պետք է վերցնենք` որպես օրինակելի փորձ:


-Վենդետաներ, կրակոցներ, սպանություններ, այս դեպքերը հաճախակի չե՞ն։ Օրինակ` կա՞ն համեմատականներ, թե նույն բնակչության շնչի հաշվով այլ երկրներում և Հայաստանում ինչ վիճակագրություն կա: Կա՞ն գործեր, որտեղ քննության առարկա դառնալու ընթացքում պարզվել է, որ այդտեղ վենդետայի տարր կա:

-Զանգվածային լրատվության միջոցներով սպանությունների աննախադեպ ծավալով հանրայնացումն առաջին հայացքից կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների տեսակարար կշիռը հանցավորության ընդհանուր զանգվածում ավելացել է։ Մինչդեռ դինամիկան ցույց է տալիս, որ այս հանցատեսակի մակարդակը վերջին քսան տարիներին կայուն անկում է ապրում։ Եթե 1995-1998թթ․ գրանցվել է սպանության միջինը 105 դեպք,    2001-2004թթ․՝ 77 դեպք, ապա  2016թ․-ին գրանցվել է սպանության 66 դեպք: Իսկ ահա 2017թ․-ի տասնմեկ ամիսների կտրվածքով ունենք սպանության դեպքերի կտրուկ նվազում. արձանագրվել է սպանության 48 դեպք։ Բնական է, որ նման միտումների պայմաններում նվազել է նաև վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների թիվը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչության շնչին ընկնող սպանությունների թիվը ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ բավական ցածր է։ 2013 թվականին ՄԱԿ-ի՝ դիտավորյալ սպանությունների գլոբալ հետազոտության արդյունքներով Հայաստանը դիտավորյալ սպանությունների թվով 219 պետությունների շարքում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով մեր անմիջական հարևաններին, ԱՊՀ գրեթե բոլոր և եվրոպական բազմաթիվ պետությունների։ Նախորդ տարվա տվյալներով սպանությունների առումով 100 հազար բնակչին բաժին է ընկնում 3,4 դեպք: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ արդյունքներ ունի, քան Ղազախստանը, որտեղ այդ ցուցանիշը 4.8 է, Ռուսաստանը՝ 7.2, Ուկրաինան՝ 4.2, և այլն:

Նման ցուցանիշները ես պայմանավորում եմ այս հանցագործության դեմ անզիջում, հետևողական պայքարով և համոզված եմ, որ սպանությունների և, մասնավորապես, վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների դեմ պայքարի գրավականը հանցագործության համար պատասխանատվության և համաչափ պատժի անխուսափելիության ապահովումն է։      

Ասածս չի նշանակում, թե իրավիճակը համարում եմ լիովին բավարարող: Իհարկե, ունենք առավել արդյունավետ գործելու, կադրային ռեսուրսների կարողությունները կատարելագործելու, մեր աշխատանքը գիտատեխնիկական ժամանակակից հնարավորություններով հագեցնելու և այլ խնդիրներ: Դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն են նաև ուղղված մեր ամենօրյա ջանքերը:

-Պարո՛ն Դավթյան, մի քանի անգամ հայտարարել եք, որ դատախազներին ստուգելու համապատասխան մեխանիզմներ ունեք, կան վերադաս դատախազներ, ովքեր ստուգումներ են իրականացնում, և եթե հաղորդումներ էլ չլինեն ինչ-ինչ խախտումների մասին, կարող են վերադասի կողմից հայտնաբերվել: Նման դեպք գրանցվե՞լ է, ովքե՞ր են պատժվել:

-Պետք է հաշվի առնել երկու հանգամանք: Մի կողմից դատախազության համակարգի ներսում հսկողական մեխանիզմները պետք է ուղղված լինեն ոչ միայն թերացած դատախազին պատժելուն, այլ՝ դրան զուգահեռ, նույնիսկ դրանից առաջ, վեր հանված խախտումը վերացնելուն: Սրան զուգահեռ, սակայն, վերահսկողական գործառույթները որևէ կերպ չպետք է սահմանափակեն նախնական քննության նկատմամբ հսկողություն իրականացնող կամ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Դատախազության համակարգի ներսում հսկողությունն իրականացվում է մի քանի մակարդակով: Նախ՝ վեր հանված թերությունների վերացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում եմ ինքս, կամ, իմ հանձնարարությամբ, Գլխավոր դատախազի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Դատախազական աշխատանքի ամենատարբեր դրսևորումների նկատմամբ ամենօրյա հսկողություն են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության՝ վերահսկողական լիազորություններով օժտված համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները: Եվ վերջապես՝ հսկողություն իրականացնում է անմիջապես վերադաս դատախազը: Վերահսկողության այս մեխանիզմների գործադրման արդյունքում միայն 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իմ կողմից քննիչների և դատախազների 28  որոշումներ են վերացվել:

Խախտումների վերհանմանը հետևում է դրանք թույլ տված դատախազին, հիմքերի առկայության դեպքերում նաև վերադաս դատախազին  համարժեք պատասխանատվության ենթարկելու հարցը: 2017 թվականի ընթացքում միայն ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման արդյունքում վեր հանված խախտումների փաստով դատախազների նկատմամբ հարուցվել է 7 կարգապահական վարույթ, որոնց արդյունքում 6 դատախազ ենթարկվել է կարգապահական տույժերի:

-Վերահսկող մեխանիզմների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից զատ  հիմնականում  իրավաբանները, փաստաբանները խոսում են քաղաքական կամքի բացակայության մասին: Համամիտ եք այն ձևակերպման հետ, որ քաղաքական կամքի բացակայություն կա, թե՞ առաջընթացը ժամանակի հարց է:

-Անկեղծ ասած՝ հանցավորության դեմ պայքարի գործում քաղաքական կամքի բացակայության մասին խոսակցություններն ինձ համար անհասկանալի են: Հանցավորության դեմ պայքարի գործառույթ իրականացնող մարմինները պարզապես պետք է կատարեն իրենց աշխատանքը, այսինքն՝ այն գործառույթները, որոնցով օժտված են իրենց իրավասության շրջանակներում:

Քաղաքական կամքի մասին հաճախ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Այս ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում շատ լուրջ քայլեր են իրականացվել:  Օրինակ՝ քրեականացվել է ապօրինի հարստացումը, ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդլայնվել է գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող սուբյեկտների շրջանակը, ներդրվել է կոռուպցիոն դրսևորումների մասին ազդարարման և ազդարարների իրավական պաշտպանության համակարգը: Եթե դուք ծանոթ եք այս տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր, երբեմն՝ սիստեմատիկ հանցագործությունների բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկված անձանց, այդ թվում և առաջին հերթին պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ մեր կողմից հրապարակված տվյալներին, ապա դրանք ինքնին տալիս են հարցի պատասխանը՝ ունի­՞ արդյոք դատախազությունը այս չարիքի դեմ պայքարելու կամք և ցանկություն: Եկեք համեմատենք նախորդ և այս տարվա ցուցանիշները. ընդամենը մեկ օրինակ: 2017թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով անցնող մեղադրյալների թիվը 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել է 91,8-%ով: Այլ խնդիր է՝ ուզո՞ւմ ենք տեսնել այս ամենը, թե ոչ, չնայած, իմ խորին համոզմամբ, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել միայն պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ: Սա համընդհանուր խնդիր է և համակարգային մոտեցում է պահանջում՝ նաև հասարակության ներգրավվածությամբ:  

-Պարո՛ն Դավթյան, այս պահին նույնատիպ երեք գործ է քննվում դատարաններում՝ Սեֆիլյանն ու մյուսները, Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործերն ու Նորք-Մարաշի զինված խմբի գործը: ՊՊԾ գնդի մասով որոշակի գործողություններ կատարվել են անդառնալի հետևանքներով, Սեֆիլյանն  ու մյուսները, կամ Նորք-Մարաշի խմբի անդամներն իրենց կամքից անկախ պլանավորած հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ի՞նչ է փոխվել ՊՊԾ գնդի դեպքից հետո` նմանատիպ դեպքերը բացառելու համար, և երկրորդ՝ ինչի՞ հետևանքով են կատարվել այդչափ գործողություններ ու չեն կանխվել: Շատ չե՞ն նման դեպքերը Հայաստանում` հաշվի առնելով, որ 2-3 տարում երեք նման խումբ է հայտնաբերվել, ըստ էության:

-Թույլ տվեք չհամաձայնել այն դիտարկմանը, թե նմանատիպ հանցագործությունները չեն կանխվել։ Նախ՝ պարեկապահակային ծառայության գնդի զավթման և պատանդառության մեջ մեղադրվողներին վնասազերծելու գործում իրավապահ մարմինները գործել են համակարգված և արհեստավարժ, ինչի արդյունքում ոչ միայն կանխվեցին այդ հանցագործության կործանարար հետևանքները, այլև հնարավոր եղավ հանցագործությունը խափանել հենց իրենց՝ զինյալների շրջանում նվազագույն կորուստներով: Մասնակիցների քանակով և տևողությամբ նախադեպը չունեցող այս հանցագործության համար բավական կարճ ժամանակահատվածում կատարվեց գործի հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն, բացահայտեցին գործի բոլոր, այդ թվում՝ ոստիկանության երեք ծառայողների սպանության հանգամանքները, և գործն ուղարկվեց դատարան: Համոզված եմ, որ դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցները կտան մեր հասարակությանը հուզող հարցերի պատասխանները և կցրեն  կատարված հանցագործության առնչությամբ որոշ մարդկանց կողմից հասարակության շրջանում միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը։
Ակնհայտ է նաև, որ ինչպես Սեֆիլյանն  ու մյուսները, այնպես էլ՝ Նորք-Մարաշի խմբի անդամները պլանավորած հանցագործություններն իրենց համար ցանկալի ավարտին չեն հասցրել: Նման երևույթների և դրանց մասնակիցների նկատմամբ հասարակական լայն վերաբերմունքը ցույց տվեց, որ ճնշող մեծամասնության համար նման հանցանքներն անընդունելի են։