Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

16.03.2023 | Հանրապետության գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը:

 

Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022  թվականի ապրիլին  Հայաստանի Հանրապետության դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին՝ ուղղված երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար, կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան: