Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

01.11.2022 | Գլխավոր դատախազի ղեկավարությամբ քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ այս նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ:

 

Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման մասին եզրակացություն՝ ֆինանսական և իրավական բաղադրիչներով: «Հարցը շատ կարևոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաև պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

 

Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը աշխատանքային խմբին է ներկայացրել պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործող կարգավորումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու գույքագրված խնդիրները, որոնք խոչընդոտում են վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս:

 

Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: «Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական վարույթով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին»,- տեղեկացրել է Վարչության պետը:

 

Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին, տրվել են նաև հանձնարականներ, սահմանվել են ժամկետներ:

 

Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար Վարչապետի որոշմամբ սահմանված վերջնաժամկետի պահպանումը: