Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

01.07.2022 | Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ Արթուր Սարգսի՛

 

Արցախի Հանրապետության դատախազության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ:

 

Ունենալով հարուստ և երկարամյա պատմություն, համակարգի նախկին և ներկա բազմաթիվ պատվախնդիր դատախազների անձնուրաց և նվիրյալ  աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության մերօրյա դատախազությունն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի որպես պետական մարմին և որպես իրավապահ համակարգն առաջնորդող դերակատար: Տարիների ընթացքում կուտակված իմաստնության և համակարգի ղեկավար կազմի՝ բացառապես պետության և իրավունքի շահով առաջնորդվելու անվրեպ ունակության շնորհիվ դատախազությունը ոչ միայն պատվով հաղթահարեց վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներն ու խնդիրները, այլև այդ ընթացքում մնաց անսասան, անցնցում, իսկ երկրում իրավակարգի ամրապնդման ընտրված ուղին՝ անվրեպ և անշեղ:  

 

Չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դատախազությունների կապին ու փոխգործակցությանը, դրանում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անուրանալի ներդրմանը և անձնական ջանքերին: Այդ կամքի հաշվին փոխգործակցության բավականին արդյունավետ հարթակներ են ձևավորվել արդեն դատախազությունների ստորաբաժանումների միջև, որոնք հաջողությամբ ծառայեցվում են որպես գործնական հարցերի ու խնդիրների քննարկման արդյունավետ օղակներ և ունեն զարգացման ու կատարելագործման դեռևս չիրացված մեծ պոտենցիալ: ՀՀ դատախազությունը Արցախի գործընկերներին ներգրավել ու շարունակաբար ներգրավում է վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման տարբեր ծրագրերի, որոնցից հերթականը կկազմակերպվի Արցախում՝ առաջիկա օրերին: Անգնահատելի է դատախազության կոլեգիայի համատեղ նիստերի կազմակերպման գործելաոճը, որոնց ընթացքում Արցախի դատախազները հնարավորություն են ունենում բարձրաձայնելու իրենց մտահոգող գործնական և տեսական  հարցերը, խնդիրները, ունկնդրելու պրակտիկ ավելի մեծ ու ավելի հարուստ փորձ ունեցող հայաստանյան գործընկերների տեսակետները: Առավել պատկերավոր ու համոզիչ լինելու համար ընդամենը կասեմ հետևյալը. եթե պետական բոլոր մարմինները ունենային համագործակցության և միասնականության զգացումի նույն մակարդակը, որպիսին գոյություն ունի մեր համակարգերի միջև, ապա միասնական հայրենիք ունենալու մեր երազանքն անբեկանելի և գործնական տեսք ունեցող իրողություն կլիներ:

 

Արցախի դատախազության հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքն ըստ արժանվույնս գնահատված լինելու մասին է վկայում այն, որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն մեկնելիս Արցախի Հանրապետության դատախազները, առանց բացառության, խնդրել են, հարգելի պարոն Դավթյան, անհատապես Ձեզ և ՀՀ դատախազության  դատախազներին փոխանցել իրենց ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: 

 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ անձնական երախտիքը հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության դատախազներին և զինվորական դատախազ պարոն Հարությունյանին: Նվիրական աշխատանքով ու անմիջական ներկայությամբ տարիներ շարունակ ՀՀ զինվորական դատախազությունն իր ծառայությունն է մատուցել և հիմա էլ շարունակաբար ծառայում է Արցախին՝ այդ կերպ իր ուղղակի մասնակցությունն ունենալով Արցախում օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում: Այդ աշխատանքը թեև արվում է լուռ և համեստորեն, առանց ավելորդ հրապարակայնության, բայց հավաստիացնում եմ, որ մենք լավ գիտենք, թե այդ համեստության շղարշի ներքո որքան առողջություն, կյանք ու ժամանակ է մաշվել, գիշեր ու զօր որքան անդադար ու անսպառ աշխատանք է կատարվել: Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքն ու երախտիքի խոսքը, հարգելի գործընկերներ:

 

Հարգելի Արթուր Սարգսի, կրկին անգամ շնորհավորելով տոն օրվա առթիվ, Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազներին անհատապես մաղթում եմ առողջություն, խաղաղ ու անփորձանք կյանք, իրավակարգի ամրապնդման և օրինականության ապահովման գործում հաջողություն և անսպառ եռանդ: Աստված բոլորիդ պահապան: