Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.06.2022 | Ապագա դատախազներին դիպլոմներ են հանձնվել

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն:

 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Դիպլոմներ ստանալու և դատախազության համակարգի համալրման հայտ ներկայացնելու կապակցությամբ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտների հերթական խմբին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնառության ընթացքը մեծապես նպաստել է առաջիկա ծառայողական պարտականությունների կատարման համար բավարար գիտելիքներ և հմտություններ ստանալուն, նաև՝ դատախազական գործունեության ամբողջ պատասխանատվությունը, հետագայում քրեական արդարադատության իրականացման գործում ստանձնելիք առաքելությունը գիտակցելուն:  Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազությանը ուսումական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար:

 

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հաջողություններ է մաղթել ապագա դատախազներին: Նա նշել է, որ որպես դատախազ՝ պետական ծառայությունը երբեք չի եղել և չպետք է ընկալվի որպես շարքային վարձատրվող աշխատանք, և համակարգ մուտք գործող ցանկացած անձ պետք է հստակ գիտակցի, որ գալիս է պետությանն ու հայրենիքին ավելին տալու և դրա դիմաց միայն պատիվ ձեռք բերելու համար:

 

«Դուք գալիս եք դառնալու մասը մի համակարգի, որը պետության և պետականության ողնաշարն է: Եվ որքան այդ մասը, բաղադրիչը առողջ է, այնքան առողջ է պետականությունը: Հետևաբար ընտրելով բարդ, զոհողություններ պահանջող այս մասնագիտությունը՝ ցանկացած ոք պետք է առաջնորդվի իրավական պետության, ներքին իրավական անվտանգության հենապատին նոր աղյուս դնելու, ինչ-որ բան ավելացնելու նվիրումով, արդարության, անաչառության, հումանիզմի արժեքներով: Դուք ձեր մասնագիտական պարտքի նկատմամբ վերաբերմունքով, բարեխղճությամբ, կենցաղավարմամբ, մարդկանց հետ հաղորդակցման մշակույթով պետք է ձևավորեք ոչ միայն դատախազի, այլ ընդհանուր առմամբ արժանապատիվ պետական ծառայողի կերպարը»,-նշել է Արթուր Դավթյանը:

 

Նա նաև նշել է, որ դատախազությունն ունի կայունության, անկաշկանդության ամուր հենք և համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարական մոտեցումներ՝ ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացմանը զուգընթաց զարգացում ունենալու համար:    

  

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է ՀՀ Արդարադատության ակադեմիային դատախազության համար կադրերի պատրաստման, որակյալ ուսումնառություն ապահովելու համար: