Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

06.06.2022 | ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

Տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործով նույն հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին: 


Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել և այդ կերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի,  դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։


Հաստատված մեղադրական եզրակացությամբ, քրեական գործը 2021թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:


ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմանվորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին: 


Ելնելով դրանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք: 


Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից: 


Ավելին, ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում  դրած  մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, ովքեր քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող: 


Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: