Տեսադարան

Հայաստանի գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է մի շարք հարցեր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

17.05.2022 | Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N  զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը:

 

Սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝  անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ»  հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

 

Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։

 

 Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: