Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

24.02.2022 | Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2021թ. գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գյումրի: Շիրակի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ նա անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, մարզի դատախազության աշխատանքների արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:  

 

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով: Զուգահեռ 6.5 տոկոսային կետով աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով  67.7%:

 

50%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում, այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն էապես բարելավվել է՝ 2020թ.  53.3 %-ի դիմաց կազմելով 77.8 %: Մարզում արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են:

 

16.9%-ով նվազել են ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։

 

Գողության դեպքերը նվազել են 15.9%-ով, ընդ որում՝ զգալիորեն՝ 43.1%-ով նվազել են բնակարանային գողությունները: Մարզի դատախազը դա պայմանավորել է այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության նախաձեռնությամբ ոստիկանության և ՏԻՄ-ների հետ գործակցությամբ իրականացված զգալի աշխատանքներով։ 

 

Արձանագրվել է մարմնական վնասվածքներով ՃՏՊ 229 դեպք, որոնց արդյունքում 316 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանցից 13-ի հետևանքով մահացել է 20 անձ: Մահվան ելքով ՃԵԿ խախտումներն աճել են 62.5%-ով։ Վերջինիս նպաստել են ինչպես իրավախախտումների կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելը, ոստիկանության վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելը, այնպես էլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ՃԵԿ-երը դիտավորությամբ և տարատեսակ միջոցներով խախտելու  հանգամանքները:

 

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է մարզի դատախազության կողմից այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների առավել խիստ համակարգման անհրաժեշտությունը: Նա հանձնարարել է քարտեզագրել ՃԵԿ հանցավոր դեպքերը, առանձնացնել մայրուղիների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների բոլոր ռիսկային հատվածները, վերլուծել դրանցից յուրաքանչյուրի պատճառները, դրանց վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին և հետևել դրանց կատարմանը:   

 

Ընդհանրապես հանցագործությունները ծնող պատճառների վերացման նպատակով 2021թ. դատախազության դատախազների կողմից իրավասու մարմիններին, կազմակերպություններին ներկայացվել է 61 միջնորդագիր, որոնց արդյունքում առանձին ուղղություններով ուժեղացվել է ոստիկանության հսկողությունը, թերացած պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

 

Բացի այդ, դատախազության դատախազների կողմից 2021թ. 104 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 158 գրավոր ցուցում, իսկ հետաքննության մարմիններին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, նախաքննական մարմնի հետ սերտ համագործակցություն ապահովելու 43 հանձնարարական:

 

Արթուր Դավթյանը հանձնարարել է կոնկրետ գործողություններ մատնանշող ցուցումների և հանձնարարությունների քանակն ավելացնել՝ դրանով նպաստելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունների որակի բարձրացմանը:

 

2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 42 քրեական գործ, որոնցից 4-ը՝ բողոքի քննարկման արդյունքում: Դատախազների կողմից կայացվել է անձանց նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին 5, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին 2, քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին՝ 7, քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին՝ 8 որոշում: Դատախազների հաստատած մեղադրական եզրակացություններով 243 քրեական գործ՝ 309 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, ինչը շուրջ 15%-ով ավելի է 2020թ. համեմատ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: 2021թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից կատարվել է 324 ուսումնասիրություն: Հայտնաբերվել են խախտումներ, որոնցից մեկով քրեական գործ է հարուցվել: Ուսումնասիրությունները վերաբերել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հարկերի և պետական տուրքերի, կրթության և գիտության, առողջապահության, տարածքային կառավարման և ՏԻՄ-երի գործունեության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, ձեռնարկատիրական գործունեության լիցենզավորման և այլ ոլորտներին:

 

Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հանձնարարել է ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակը՝ շեշտը դնելով պետության և համայնքների խախտված իրավունքների, վնասների վերականգնման վրա:

 

 Գոհունակությամբ արձարագրվել է մարզի դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների շուրջ 11%-ով ավելանալու հանգամանքը: Դատախազների նախաձեռնությամբ կատարված ընդունելությունները կապված են եղել քաղաքացիների դիմումներում առաջ քաշված հարցերի շուրջ նրանց լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև քրեական գործերի վարույթները կարճելու, ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու վերաբերյալ քաղաքացիներին պարզաբանումներ ներկայացնելու, հետագա դատավարական որոշումների կայացումից առաջ որոշակի հարցերում դատախազների մոտ ներքին համոզմունք ձևավորելու հետ: Գլխավոր դատախազը նշել է, որ քաղաքացիների հետ հաղորդակցության ակտիվացումը դատախազության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման կարևոր ցուցիչներից է դառնալու և հորդորել է առավել նախաձեռնողական լինել այդ հարցում: