Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

21.02.2022 | 138 քրեական գործ, պատճառված 136մլն դրամի վնաս՝ 2021թ. անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով

 ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը:

 

 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի  հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել և վարում նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Վերջիններիս անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  և այլ պատրվակներով այդ անձանցից ստացել են նրանց անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց Իդրամ վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարները ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարներ: Ապա դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

 

Առանձին դեպքերում հանցագործներն անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության, նրանց անվամբ առցանց տարբերակով ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով ստացված գումարը փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել:

 

Նշված հանցավոր սխեմայով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրեսգրքի 181-րդ և 178-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է 138 քրեական գործ: 33 անձ ներգրաված է եղել որպես մեղադրյալ։

 

Քննված քրեական գործերից 12-ով վարույթը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու, կամ քննությունից մեղադրյալի թաքնվելու հիմքերով։

 

Քննված 16 գործ՝ 22 անձի վերաբերյալ, 2021թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:  

 

Մնացած քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

 

Միայն 2021թ. ընթացքում քննված քրեական գործերով պարզված՝ այս բնույթի հանցագործություններով պատճառված գույքային վնասը կազմել է շուրջ 136 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 10մլն ՀՀ դրամը:

 

Ուսումնասիրությունը փաստում է, որ համացանցի կիրառման վերոնշյալ մեխանիզմնով կատարված հափշտակությունների դեպքերն ավելանում են:  Աճը պայմանավորված է հիմնականում անձանց իրազեկված չլինելու, էլեկտրոնային դրամական համակարգերի կիրառման, օգտագործման կանոներին բավարար չափով չտիրապետելու, հանցավորներին անհիմն վստահելու, ընդհանուր առմամբ՝ համացանցային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների ստվար մասի տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության ոչ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքներով:

 

Դրան զուգահեռ, վերջին շրջանում կտրուկ ընդլայնվում է բանկային գործառնությունները (վարկերի ձևակերպում, գումարների փոխանցում և այլն) առցանց եղանակով իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ դրանց պաշտպանության, բանկային վերահսկողական մեխանիզմները համաչափ չեն կատարելագործվել: Արդյունքում՝ էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը, բանկային վերահսկողական բավարար մեխանիզմերի բացակայությունը նվազեցնում են այս բնույթի հանցագործությունների նախականխման արդյունավետությունը:

 

Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներ ընդունելուց:

 

Հանցագործության ծուղակի վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել իրավապահ մարմիններին: