Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

14.02.2022 | Ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021թ. բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ ՀՀ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է  2021թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները: 

 

Ըստ այդմ՝ դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։

 

Մասնավորապես, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմիններին և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2500 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 171 հանձնարարություն: Ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ: 

 

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում շուրջ 90 դիմում է ներկայացվել դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: Դրանք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են: Թվով 205 գույքի շուկայական արժեքները պարզելու նպատակով վարչության դատախազների կողմից կայացվել է 15 վարույթի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 19 որոշում: Դրանցից 10 վարույթի վերաբերյալ ներկա պահին արդեն իսկ ստացվել են եզրակացությունները: Դատաապրանքագիտական բնագավառի լրացուցիչ մասնագետների ներգրավմամբ միջոցներ են ձեռնարկվել 41 գույքի շուկայական արժեքները պարզելու  ուղղությամբ, որոնց արդյունքները ևս ստացվել են։

 

14 ուսումնասիրության շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու 16 դիմում, որոնք դատարանի կողմից բավարարվել են, համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու բավարարված միջնորդությունների շրջանակում հարուցված կատարողական վարույթների թիվը կազմում է 40։

 

Առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։ 

 

Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր 27.717.123.932 ՀՀ դրամի չափով գումար:

 

Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ  ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

 

2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար,  25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ (Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022թ.):

 

Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։

 

Բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն: