Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.01.2022 | Տասնյակ անձինք դարձել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունը:

 

Դատախազական պատշաճ հսկողության ներքո կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Ի դրամ»  էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև 40 անձանց անվամբ լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով այդ հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Ապա այդ հաշիվներով, նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ գումարը, որը փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

 

Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ, վերջիններիս անվամբ «Ի դրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն  աջակցելու, բոնուսներ տրամադրելու պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց «Ի դրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել է իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ, որից հետո՝ դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ բանկում, վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5մլն ՀՀ դրամ գումարը, որը ևս  փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

 

Վ.Ք.-ն, նաև 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» պայմանական անվամբ անհատական էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու անհատական էջին և իրականությունը խեղաթյուրելով՝ «Covid-19» համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել է քաղաքացու անվամբ ձևակերպված վարկային պայմանագրով հաստատված և իր կողմից կառավարվող «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և ըստ էության քննելու համար քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Հաշվի առնելով, որ քննչական մարմինների վարույթում քիչ չեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նույնատիպ մեխանիզմներով կատարվող հացնագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերը՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներն ընդունելուց: Հորդորում ենք նաև նման հանցագործության ծուղակում հայտնվելու կասկածներ ունենալու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:  

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: