Տեսադարան

ԻԻՀ գլխավոր դատախազի այցը ՀՀ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.10.2021 | Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը

Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

 

Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:

 

Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

 

Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:  

 

2013թ.-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:

 

Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են:

 

Երկու երկրների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված «Հանձնման մասին» համաձայնագրի և «Քրեական և քաղաքացիական հարցերով համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև նախընթաց տարիներին ստորագրված համագործակցության հուշագրի և ծրագրերի հիման վրա։