Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.10.2021 | ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են ճանապարհատրանսպորտային կանոնների հանցավոր խախտման դեպքերի աճի, դրա դեմ պայքարի խնդիրները

  ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով:

 

Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք:

 

   Քննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, դրանց ողբերգական հետևանքներով դեպքերի աճի միտումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանապարհային անվտանգության երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության կատարման համատեքստում խիստ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլոր պատկան մարմինների սերտ գործակցությունը՝ ըստ գործառույթների ու պարտականությունների:

 

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ 57,3%-ով աճել է նման խախտումների արդյունքում մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։ Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները:

 

Անդրադառնալով դրանց՝ որպես առկա խնդիրների լուծման մեխանիզմներ, խորհրդակցության մասնակիցների կողմից կարևորվել է հաշվառումից հանված, սակայն չխոտանված, փաստացի պարտադիր տեխզննում չանցնող և երթևեկության հետ անհամատեղելի անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների՝ երթևեկությանը մասնակից դառնալը բացառելու, հանրապետությունում ՃԵ կանոնների միասնական կիրառման և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացման, երթևեկության անվտանգությունից բխող ճանապարհաշինարարական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և այդ նպատակներով  համապատասխան իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը:

 

Դատախազության կողմից շեշտվել է միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհներին ՃՈ կարգախմբերի բաշխումը և ծառայությունն ըստ արձանագրվող միջադեպերի քարտեզագրման իրականացնելու, ուժեղացնելու, ավտովթարների համար ռիսկային հատվածները, շրջանցիկ ճանապարհային գոտիները նախազգուշացնող երթևեկության նշաններով կահավորելու խնդիրը: Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը: 

 

Առավել լուրջ խնդիրներից է համարվել ծանր հետևանքներով ավտոպատահարներին ամենաշատը նպաստող երկու հիմնական գործոնների՝ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհային գծանշումները ձևախեղելու, երթևեկության նշանների ցուցանակները գողանալու դրսևորումները: Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները:

 

Մեծ ուշադրություն է դարձվել երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքի և իրավագիտակցության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ հանրային իրազեկման լայն գործիքակազմի կիրառմանը, դպրոցներում երթևեկության և դրա կանոնների վերաբերյալ առարկայական կամ լրացուցիչ դասաժամերի հատկացման հեռանկարներին:

 

Առանձին քննարկվել են նաև ՃՏՊ-ների, հատկապես մահվան ելքով դեպքերի քննությունների որակի և արդյունավետության հարցերը: Խնդիր է դրվել առանձնահատուկ հետևողականություն դրսևորել հանցագործությունները, դրանք կատարող անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով իրականացվող քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արագության և լիարժեքության ապահովման հարցում:

 

Նախանշված աշխատանքների իրականացման ընթացքը, գործնական արդյունքները քննարկելու և առաջ շարժվելու նպատակով որոշվել է առաջիկայում հաճախակի դարձնել նման խորհրդակցությունների անցկացումը: