Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.08.2021 | Լորուտ գյուղի մոտ մի խումբ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 7 անձի, 4-ը կալանավորվել է

 

   2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:

 

 Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել է ձորը: Դրա հետևանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը:

 

  Դրանից հետո ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից և փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր և շտապ բուժօգնություն  կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաև հարակից գյուղերի դեռևս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:

 

    Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 15-ին ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:  Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է4 անձ։

 

  2021թ․օգոստոսի 17-ին Ա․Բ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  Վ․ Վ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով  և 316-րդ հոդվածի 1-ին կետով, Վ․ Ք-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին կետով և Մ․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։ 

 

 Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Բացի այդ, հիշյալ քրեական գործով Ս․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Ա․ Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մ․Ս-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։

 

 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպիսով, հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձանց։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ, ինչպես նաև բոլոր մասնակիցների ինքնությունը և առնչությունը պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: