Տեսադարան

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում գործունեության արդյունքները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.02.2021 | Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել է 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության  դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր:
 
 
 
Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
 
 
 
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ.-ի  ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա համեմատ(929 դեպք):
 
 
 
Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր:
 
 
 
2020թ.-ի  ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ.-ին  նույնականացվել  է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:
 
 
 
Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագրեսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի, ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, արգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:  
 
 
 
 Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև  նույնպիսի հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտմանը՝ ըստ կոնկրետ դեպքերի, իրավիճակների, ռազմական գործողությունների ուղղությունների՝ հատկապես շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած  հանցավոր պատճառների և պայմանների ամբողջացման վրա: Այս առումով Արթուր Դավթյանն առանձնացրել է առանցքային մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը,  պատերազմից առաջ, և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի համապատասխանությունը ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը,  ռազմավարական, ու մարտավարական մակարդակներում ռազմական ործողությունների ղեկավարման և իրականացման հետ կապված հանցավոր թերացումների, սխալների ի հայտ բերումը, դրանց համար պատասխանատու պաշոնատար անձանց գործողությունների իրավաչափության պարզումը,  կոնկրետ դեպքերում ու իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերը, դրանց պատճառները և առաջացրած հետևանքները:
 
 
 
Գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել իրավական գնահատականները նաև հանցավոր դրսևորումների ընդհանրության մեջ տալը՝ պատերազմի ելքի վրա դրանց թողած ազդեցության տեսանկյունից:  Արթուր Դավթյանը քննարկման ժամանակ նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու՝ ՀՀ զինվորական դատախազությունում շարունակվող պրակտիկան:
 
 
 
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է՝ առանձնահատուկ կարևորելով հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում հնարավոր կոռուպցիայի, զորահավաքային ռեսուրսների կառավարման ոլորտում տարված անբավարար աշխատանքների պատճառահետևանքային կապերի լիարժեք բացահայտումը:
 
 
 
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ.-ի  ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:  ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695ՀՀ դրամ վնասը:
 
 
 
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի  վնաս: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1.3մլրդ ՀՀ դրամի վնաս: Եվս 111մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից: