Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

26.02.2019 | Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. ՀՀ դատախազության սահմանած չափորոշիչների կիրառումը արդյունքներ է տալիս

ՀՀ գլխավոր դատախազությունում ոսւումնասիրվել է 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության պրատկտիկան և դրա վրա նախնական կալանքին վերաբերող միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված դատախազության կոլեգիայի որոշումների ազդեցությունը:

 

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. ընթացքում քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 6582 անձ, որոնցից միայն 870-ի կամ 13,2%-ի վերաբերյալ է դատարան ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: (Թվային տվյալների մեջ ներառված չեն ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) քրեական հետապնդումների ցուցանիշները):

 

Համեմատության համար նշենք, որ 2017թ. քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 6001 անձ, որոնցից 1087-ի կամ 18.1%-ի նկատմամբ է դատարան ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտելու մասին միջնորդություն: Այսինքն ակնհայտ է, որ 2017թ. համեմատ քրեական գործերով մեղադրյալների թվի մոտ 9.7%-ով աճի պայմաններում արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում մոտ 4.9 տոկոսով:

 

Ներկայացված 870 միջնորդությունից բավարարվել է 804-ը կամ 92,4%-ը: Համեմատության համար նշենք,  որ 2017թ. դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1087 միջնորդություններից բավարարվել է 998-ը կամ միջնորդությունների 91.8%-ը: Այսինքն միջնորդությունների բավարարման ցուցանիշը ևս անցած տարվա համեմատ որոշ չափով բարելավվել է։

 

Հարկ է ավելացնել, որ 2018թ. ընթացքում դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է 51 անձի նկատմամբ, որը 17-ով կամ 50%-ով ավելի է 2017թ. ընթացքում դատախազի որոշմամբ կալանքից ազատված անձանց թվից:

 

2018թ. ընթացքում դատախազի կողմից հետ է վերցվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ մեղադրյալի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի 8 միջնորդություն՝ 2017թ. արձանագրված՝ 5 միջնորդության դիմաց, այսինքն աճը կազմել է 37,5%:

 

2018թ. դատարան ներկայացված՝ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ 67 դատական ակտերից 52-ի կամ 77,6%-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որից 20-ը կամ 38,4%-ը բավարարվել է:

 

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու կամ միջնորդության քննության արդյունքում գրավ կիրառելու մասին դատական ակտերի բողոքարկման արդյունավետության ցուցանիշի փաստացի ավելի քան 52 տոկոսով բարելավում: Մասնավորապես, եթե 2017թ. բավարարվել են նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքներից 25-ը, ապա 2018թ.՝ 38-ը:

 

ՀՀ դատախազության կողմից անցնող տարում մշտական ուշադրության կենտրոնում է պահվել առանց բավարար հիմքերի մեղադրյալին անազատության մեջ պահելը բացառելու և մեղադրյալի՝ անազատության մեջ գտնվելու հիմքերի առկայության պայմաններում նրա՝ ազատության մեջ չհայտնվելու և, ըստ այդմ, նախաքննության շահի լիարժեք ապահովման հարցերը:

 

Այս շրջանակում 2018թ. ընթացքում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կլանավորման ժամկետը երկարացնելու մասին 808 միջնորդություն, որից բավարարվել է 793-ը կամ 98,2%-ը: Ընդ որում, այս միջնորդությունների բավարարման ցուցանիշը ևս բարելավվել է. եթե 2017թ. բավարարվել է քննիչի կողմից ներկայացված նման միջնորդությունների 94.2%, ապա նախորդ տարի՝ 98.2 տոկոսը:  

 

Ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները վկայում են նախորդ տարվա համեմատ 2018թ. դրսևորված մի քանի անշեղ միտումների մասին:

 

  • Շարունակվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին բավարար չափով հիմքեր չունեցող միջնորդություններ ներկայացնելուց առավելագույնս հրաժարվելու գործընթացը, ինչով պայմանավորված է առավել շատ մեղադրյալների առկայության պայմաններում այս խափանման միջոցի կիրառման միջնորդությունները չավելանալու իրողությունը:
  • Շարունակվել է ավելանալ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման թվաքանակի աճը, ինչը պայմանավորված է միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմամբ: Այդ մասին է վկայում նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքների բավարարման դեպքերի կտրուկ՝ ավելի քան 50 տոկոսով ավելացումը: 
  • Դատախազների կողմից դրսևորվել է առավել հետևողականություն՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին անհիմն միջնորդությունների քննությունը կանխելու կամ առանց անհրաժեշտության անձի՝ կալանքի տակ մնալը բացառելու հարցերում: Վերջինս դրսևորվել է դատախազների կողմից դատարաններից ավելի մեծաթիվ միջնորդություններ հետ վերցնելով, ինչպես նաև նրանց կողմից խափանման միջոց կալանավորումը վերացնելու ավելի մեծ թվով որոշումներ կայացնելով:

 

Չնայած ներկայացված արդյունքները դեռևս չեն կարող լիովին բավարարել ՀՀ դատախազության սպասելիքները, այսուհանդերձ, դրական զգալի դինամիկա պարունակելով՝ կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմնավորվածության և իրավաչափության ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից մշակված միասնական չափանիշների կիրառման ուղղակի հետևանք են: Դրանք վկայում են, որ միջնորդությունները ներկայացնելիս այդ միասնական չափանիշները ուղեցույցի դեր են կատարում՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով անհիմն միջնորդությունների պրակտիկայից հրաժարվելու, մեղադրյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը վկայող պայմանները և հիմքերը միջնրոդություններում հնարավորինս առարկայական և փաստարկված ներկայացնելու հստակ և միասնական գործելաոճը վերջնականապես արմատավորելու համար: