Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

19.07.2018 | Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են սոցիալական նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ

 Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

 

Քննության այս փուլի դրությամբ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են, որ 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները տևական ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:

 

Թեև նախաքննության սկզբնական փուլում ամբողջությամբ վերականգնվել էր պետությանը պատճառված շուրջ 15 մլն ՀՀ դրամի չափով վնասը, սակայն արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ վերը հիշատակված փաստական տվյալների առկայության պայմաններում պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն գերազանցում է  քրեական գործի հարուցման հիմքում դրված չափին: Քննությամբ ի հայտ եկող նոր հանգամանքների բերումով, պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճի միտում ունի, ինչը վերջնական կճշգրտվի և կներկայացվի քննության ավարտական արդյունքներով:

 

2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքին 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցները:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: