Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.04.2018 | Հավաքների մասնակիցների կողմից Երևան քաղաքում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. 3 անձ ձերբակալվել է

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:

 

2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքի մի խումբ մասնակից անձինք նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, չենթարկվելով նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, իրենց և հասարակության անդամների համար ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը Երևան քաղաքում:

 

Մասնավորապես շուրջ 60  ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն  են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ:

 

Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

 

Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: