Տեսադարան

Ադրբեջանի ԶՈւ-ի կատարած հանցագործությունները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

26.10.2017 | Էական արդյունքներ՝ «Դիլիջան ազգային պարկում» ուղեփակոցի վագոն-տնակի հրկիզման դեպքի լիարժեք բացահայտման ուղղությամբ

Ապօրինի անտառահատումների կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկված անհրաժեշտ իրավաչափ միջոցներին ակնհայտորեն խոչընդոտելու նպատակով հոկտեմբերի 13-ի երեկոյան «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրկիզման, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող պահնորդների գործունեությունը մի խումբ անձանց կողմից խոչընդոտելու դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործընթացում էական արդյունքներ են արձանագրվել:

 

Նկատի ունենալով կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը թե դրա բնույթի և թե հետապնդած նպատակների առումով՝ ՀՀ դատախազության կողմից ի սկզբանե որդեգրվեց իր իրավասությունների ամբողջ ծավալով, դատախազական ներգործության բոլոր միջոցներով ինչպես վագոն-տնակը հրկիզած, այնպես էլ պահնորդների օրինական գործունեությանը խոչընդոտած մասնակիցների ինքնությունը բացահայտելու, դրանով իսկ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների վճռականությունը կասկածի տակ չդնելու հստակ ուղենիշ:

 

Արդյունքում ՀՀ դատախազության հետևողական աշխատանքների, համակարգված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների ճիշտ պլանավորման արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում ինչպես խուլիգանական վարքագծով պահնորդների աշխատանքը խոչընդոտած, այնպես էլ վագոն-տնակը հրկիզող անձանց ինքնությունը:

 

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հոկտեմբերի 14-ին հարուցվել էր քրեական գործ:

 

Նկատի ունենալով, որ  նախաքննության նախնական շրջանում ձեռնարկված միջոցառումները ցանկալի արդյունքներ չէին տալիս՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազի կողմից նախաքննական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին կոնկրետ հանձնարարականներ են տրվել՝ որոշակի քննչական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ  միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, քրեական գործով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի դատախազի տեղակալի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին տրված գրավոր ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ, հոկտեմբերի 19-ին վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Հոկտեմբերի 25-ին, ձեռք բերված փաստական նոր տվյալների հիման վրա, ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից տրված գրավոր ցուցումով նույն հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց միջադեպի մասնակից ևս մեկ անձ:

 

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվեց նաև հրկիզմանն անմիջականորեն  մասնակցած անձանց ինքնությունը, որոնցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործությունն առերևույթ կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին: Հրկիզմանը մասնակից երկրորդ անձը ձերբակալվեց այսօր:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

 Հաշվի առնելով այս քրեական գործի ընթացքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի համապատասխան տեղեկատվություն: 

 

   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։