ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի, Շիրակի, Լոռու, Սևանի կայազորների զինվորական դատախազություններում: Խորհրդակցությանը ներկա են եղել վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները:
Խորհրդակցությունների ընթացքում կայազորների զինվորական դատախազները զեկուցել են հանցավորության վիճակի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ տվյալների մասին, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն, անդրադառնալով պետության սեփականության դեմ ուղղված հանցատեսակների բացահայտման ցուցանիշներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նկատմամբ:
Զինդատախազի խոսքով՝ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են:
Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Վահե Հարությունյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու, դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Զինվորական դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը՝ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ՝ այդ նպատակով կիրառելով դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ երաշխավորելով իրավական լուծումների միասնականությունն ու որոշակիությունը:
Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ զինվորական դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը:
Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ:
Խորհրդակցությունները կշարունակվեն ՀՀ զինվորական դատախազության բոլոր կայազորներում: