Երևանում անցկացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության փորձի փոխանակում» թեմայով սեմինարի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը:
Հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը միջազգային կառույցների հետ փոխգործակցության շրջանակում կարևորել է հատկապես ՌԴ գլխավոր դատախազության հետ արդեն իսկ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:
Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն դատաիրավական ոլորտում համակարգերի առավել սերտ համագործակցությանը:
Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության համաձայնագրի կնքման կարևորությանը՝ Դ. Մելքոնյանը նշել է, որ ներկայումս ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների կողմից մշակվում է 2018-2020թթ.-ի համար նախանշված նոր համաձայնագրի նախագիծը: