Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

15.02.2017 | Ամփոփվել է ՀՀ զինվորական դատախազության 2016թ.-ի աշխատանքը

Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր  դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը ներկայացրել է 2016թ-ին  Զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման ոլորտներում  կատարված աշխատանքները:

 

ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով 2016թ. ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ապահովել  հատկապես համածառայակիցների կողմից կատարված սպանությունների, ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, դրանցով պարտադիր քննության առարկա դարձնել նաև նշված դեպքերին նախորդած իրադարձությունները:

 

Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է Զինված ուժերում հանցավորության կանխարգելման խնդրին` կարևորելով քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և դրանք հետագայում վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես, համապատասխան պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրանց քննարկման, քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:  

 

Կարևորելով քրեական հետապնդման մարմինների գործունեության կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վարույթի մասնակից զինծառայողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը` գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազներին ավելի հաճախ կազմակերպել վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների ընդունելություն` անձամբ նախաձեռնություն ցուցաբերելով:

 

Անդրադառնալով բանակում պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտին` ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ոլորտում դատախազական  գործառույթներն ակտիվացնելու ուղղությամբ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցներին կատարված աշխատանքի համար և, ընդգծելով իր և պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի շահագրգռվածությունը բանակում արձանագրված հանցավոր երևույթների կանխման, խախտում թույլ տված անձանց անխուսափելի  պատասխանավտության ապահովման հարցում, պատրաստակամություն է հայտնել այդ երևույթների դեմ պայքարում դատախազության հետ ջանքերի համատեղման հարցում:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ: