ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» ծրագրի փորձագետներ «Ջեֆրի Դեսկովիչը՝ հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչին, ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագիր» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանին և «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական սխալների շտկման, օրինական ուժ ստացած դատական ակտերի վերանայման հայկական և ամերիկյան փորձը, երկու երկրներում գործող դատավարական մեխանիզմների առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գ. Բաղդասարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու վերահաստատել քրեական դատավարության խնդիրների առավել արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկությունների քննարկման դատախազության պատրաստակամությունը:
ԱՄՆ փորձագետները ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց ուսումնասիրությունները, ծանոթացել հայաստանյան փորձին: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: