ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է ՀՀ սահմանադրական հանրաքվեի անցկացման դիտարկմանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ապահովման բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին վերաբերող հարցեր:
Եվ. Սլոբոդան ներկայացրել է իրենց առաքելության կողմից մինչև հանդիպումը կատարված աշխատանքները, որի արդյունքում իրենք արձանագրել են, որ քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում, ԶԼՄ-ների ներկայությամբ և կողմերի հավասար արտահայտվելու իրավունքի ապահովմամբ:
Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը, հանրաքվեի անցկացման կապակցությամբ քարոզչության շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, այդ թվում՝ ԶԼՄ-ների հրապարակումները դարձնում է քննարկման առարկա և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում տալիս համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ դատախազության պաշտոնական կայքի միջոցով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը նույն սկզբունքով աշխատելու է նաև քվեարկության իրականացման և հանրաքվեին հաջորդող շրջանում:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել հանրաքվեի հետ կապված հնարավոր ընտրախախտումները կանխելու ուղղությամբ ՀՀ դատախազության գործունեությունը: Եվ. Սլոբոդան ողջունել է հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ այն բարձր պրոֆեսիոնալիզմով կլուծի իր առջև դրված խնդիրները: