Այսօր գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Քննարկման թեման ՀՀ գլխավոր դատախազության քրեական գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծումն էր: Նշված համակարգի նպատակն է թվայնացնել քրեական գործի փաստաթղթաշրջանառության ողջ գործընթացը` հնարավորություն տալով գործընթացում ներառված բոլոր մասնակիցներին իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները՝ հնարավորինս արագ և արդյունավետ: Համակարգի միջոցով վիրտուալ կապ է ստեղծվում հետաքննական և քննչական մարմինների, դատախազության և դատարանների միջև, որը հնարավորություն է տալու ապահովել յուրաքանչյուր մարմնի աշխատանքի օպերատիվության, ինչպես նաև դատախազական և դատական հսկողության և վերահսկողության արդյունավետության շեշտակի աճ: Նախատեսվում է, որ համակարգը հնարավորություն պետք է տա նաև փաստաբաններին էլեկտրոնային եղանակով ստանալ և ուղարկել փաստաթղթեր նշված մարմիններին: Հանդիպմանը քննարկվել են նաև ծրագրի տնտեսական արդյունավետությանը, շահառուներին, ծրագրին մարդկային ռեսուրսների առնչությանը, բյուջեին և էթիկական որոշակի կարգավորումներին վերաբերող հարցեր: