ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձևավորված ավանդույթներ, դրսևորվում է գրեթե բոլոր ուղղություններում և, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է հայկական երկու պետություների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում և արդարության հաստատում:
Նման ներկայացուցչական կազմով ՀՀ դատախազության պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում: Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ այցելությունները կլինեն պարբերական: Արցախյան եռօրյան արդյունավետ կլինի դատախազական կորպուսի ղեկավար կազմի համար: ՀՀ դատախազը համոզված է` յուրաքանչյուրի մոտ ձևավորվելիք գիտակցությունը կփոխանցվի համակարգի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին և տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն: Այն իմաստով, որ յուրաքանչյուր որոշում կայացնող կհասկանա, որ իր վճիռը ուղղակի ազդեցություն ունի զինվորի, հետևաբար երկրի պաշտպանունակության վրա:
ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին:
ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի, օրհնության խոսք լսել ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև սրբազանից: Պատվիրակության անդամները եղել են Արցախի պետական սահմանի տարբեր հատվածներում: Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մարտական դիրքերում ՀՀ գլխավոր դատախազը շփվել է դիրքապահների հետ, գոտեպնդել նրանց շնորհակալական խոսքերով:
ՀՀ և ԼՂՀ դատախազական համակարգերի ներկայացուցիչների շրջայցն առաջնագծում ավարտվել է զինվորական ճաշով:
Պատվիրակությունը եղել է նաև Գանձասարի վանքում, որից հետո Վանք գյուղի մերձակայքում ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազներն ու դատախազությունների պատասխանատու աշխատակիցները հետևել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչների ու քրեագետների մասնակցությամբ տեղի է ունեցած քննչական գործողության ցուցադրությանը: Արցախ կատարած այցից հետո ՀՀ դատախազության պատվիրակությունը Խնձորեսկում ծաղիկներ է դրել Մխիթար Սպարապետի գերեզմանաքարին: