ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի՝ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլոյի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումներին արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար, որի համակարգումն իրականացնելու է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ աշխատանքային խումբը գործելու է հրապարակային եւ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների եւ դրանց կապակցությամբ իրականացված քննության արդյունքների մասին:
«Դատախազությունը վճռական ու պատրաստակամ է` հետամուտ լինելու հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Ա.Հովսեփյանը կարեւորել է նաեւ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ դրանց թվում ընդգծելով ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին հանրությանն իրազեկելը։