2007 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում, անհայտ անձի կողմից սպանվել է Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը:
Ա.Ղազարյանի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց, որոնց հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի 4 պարկուճ:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սարգսյանի եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի գլխավորությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Ալբերտ Կարուշի Ղազարյանի համառոտ կենսագրությունը
1969-1974թթ. ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանող
1975-1982թթ. Կիրովականի նոտարական գրասենյակի պետական նոտար
1982-1988թթ. Կիրովական քաղաքի դատախազի օգնական
1988-1993թթ. Կիրովական քաղաքի դատախազի ավագ օգնական
1993-1996թթ. Գուգարքի շրջանի դատախազ
1996-1997թթ. Ստեփանավանի միջշրջանային դատախազի օգնական
1997-1999թթ. Ստեփանավանի միջշրջանային դատախազ
01.1999-03.2006թթ. Լոռու մարզի դատախազի տեղակալ
28.03.2006թ. Լոռու մարզի դատախազ
1999թ. սեպտեմբերի 1-ին խրախուսման կարգով շնորհվել է արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2004թ. սեպտեմբերի 20-ին խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
26.05.2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով: