Նախաքննության ընթացքում ճշտվել են 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանության աշխատակիցների, զինծառայողների թվի եւ վնասվածքների բնույթի վերաբերյալ նախնական տվյալները:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ ճշտված տվյալների, այդ թվում՝ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ 2008թ. մարտի 1-2-ին, Երեւանի քաղաքապետարանին հարակից տարածքներում եւ կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ, պայթուցիկ սարքերի բեկորներից մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության 42 աշխատակից եւ զինծառայող:
Բացի այդ՝ պայթուցիկ սարքերի բեկորներից վնասվել են ոստիկանական 1 սաղավարտ, 6 զրահաբաճկոն եւ 2 ծնկակալ, որոնք ենթարկվել են դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության: Ըստ այդ եզրակացության՝ նշված վնասվածքներն առաջացել են տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող պայթուցիկ սարքավորման, ինչպես նաեւ գործարանային արտադրության «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակի պայթյուններից: