Հ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվիրակությանը՝ ՌԴ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի գլխավոր վարչության պետ Սահակ Կարապետյանի գլխավորությամբ:
ՌԴ դատախազության՝ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու 2007 թվականին ստորագրված 2007-2009թթ. ընթացքում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության համատեղ կազմակերպված գիտագործնական խորհրդաժողովի եւ սեմինարի աշխատանքներին:
Խորհրդաժողովի ընթացքում հայ եւ ռուս գործընկերները քննարկել են դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների աշխատանքի կազմակերպմանը, քրեական գործերով դատական ակտերի օրինականության ստուգման մեթոդիկային, իսկ սեմինարի ընթացքում՝ մեղադրյալների, դատապարտյալների հանձնման վերաբերյալ միջազգային պայմանագրերով նախատեսված ընթացակարգերի կիրառման խնդիրներին վերաբերող հարցեր:
Կարեւորելով դատախազական գործունեության ընթացքում խնդրահարույց հարցերի համատեղ քննարկումներն ու դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ կողմերը բարձր են գնահատել համատեղ համագործակցության ծրագրի ազդեցությունը: Համաձայնություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության նոր ծրագիր՝ նախատեսված 2010-2011 թթ. համար: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ծրագիրը կստորագրվի տարեվերջին՝ Մոսկվայում, իսկ մինչեւ այդ հայ եւ ռուս փորձագետները կմշակեն համատեղ քննարկումների ենթակա թեմաները:
Ս.Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ՌԴ դատախազ Յու.Չայկայի հրավերը՝ աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու՝ քրեական դատավարությունից դուրս դատախազության լիազորություններին վերաբերող հարցերը համատեղ քննարկելու համար:
Պատվիրակությունը Հայաստանից կմեկնի հոկտեմբերի 2-ին: