2009թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած համաժողովը՝ նվիրված Միջազգային հակակոռուպցիոն օրվան:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 2003թ. հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն, դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Նշված որոշման նպատակն է` բարձրացնել հասարակական իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ և մեծացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում:
Համաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` համագործակցելու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում, միջազգային հակակոռուպցիոն օրը և միջոցառման շրջանակում արծարծվող խնդիրները խթանելու միջոցով: Համաժողովի ժամանակ ներկայացվել են Հայաստանում իրականացված հիմնական հակակոռուպցիոն գործողությունները` ՀՀ կառավարության կողմից ընդունված Հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, «Դատախազությունն ընդդեմ կոռուպցիայի» գրքի հրատարակումը և Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) գործունեությունը Հայաստանում:
Բացի այդ, համաժողովի ժամանակ հրապարակվեցին 2009թ. Հայաստանի բնակչության շրջանում անցկացված Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները՝ անցկացված Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ /Հայաստան ծրագրի կողմից: