Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.10.2010 | Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը արդիական է, հասարակական կազմակերպությունների աջակցությունը` անհրաժեշտ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ այսօր` ՀՀ գլխավոր դատախազությունում, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն` ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական և անտառօգտագործման խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Կոտայքի և Լոռու փոխմարզպետեր Վ. Բակլաչյանը  եւ Ա.Դարբինյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթևոսյանը, վերոհիշյալ նախարարությունների վարչությունների պետեր, ՀՀ դատախազության` Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի դատախազներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի  պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք:

Ա. Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց խնդրի հրատապությունը և կարևորությունը` մասնավորապես շեշտելով, որ. «Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ` պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական եւ շարունակական միջոցառումներ իրականացնել»: Գլխավոր դատախազը հանդիպման մասնակիցներին առաջարկեց ներկայացնել տեսակետներ, կարծիքներ, առաջարկություններ` ապօրինի անտառահատումների դեմ պայքարի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, օրենսդրական հիմքեր նախատեսել` օրինախախտներին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մասնակիցները առաջարկություններ ներկայացրեցին նաև ապօրինի անտառահատումների դեպքերի վիճակագրությունների համակարգված մեխանիզմներ ստեղծելու, հաշվառելու ուղղությամբ: ՀՀ դատախազության մարզային կառույցները ղեկավարող դատախազները ներկայացրեցին տեղերում տիրող իրավիճակը: Մասնավորապես` ՀՀ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանը զեկուցեց, որ մարզի իրավապահ մարմինների կողմից նախապատրաստված նյութերը անհամեմատ ավելի շատ են, քան իրավասու այլ տեսչությունների կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումները:

Ա. Հովսեփյանը պահանջեց, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչությունների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային` մարզային դատախազներին` դրանցով հետագա ստուգումներ կատարելու, որոշումներ կայացնելու համար: 
Գլխավոր դատախազն առաջարկեց մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա` բացառելու համար ապօրինի հատված ծառերի տեղափոխումը: 

«Եւ ամենակարևորը,-շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը,-այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է անպայման կազմակերպվեն  շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող կամ այլ հասարակական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անպայման պետք է ներգրավված լինեն այդ պահակակետերում և պետական ծառայողների հետ համատեղ իրականացնեն հասարակական հսկողություն` անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելով զանգվածային լրատվամիջոցներին»: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարեւորությունը, Ա. Հովսեփյանի կարծիքով, պայմանավորված է նախեւառաջ հասարակությանը հուզող այս խնդրում առավել թափանցիկություն ապահովելու, հասարակական վերահսկողության միջոցով ապօրինի անտառահատումների դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակահարմարությամբ: 

Բնապահպանության նախարար պրն. Հարությունյանը նույնպես շեշտեց բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը` նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը իրազեկվի, թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում և այլ հարցեր, որոնք ակնհայտորեն հուզում են հասարակությանը: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է վերստուգում, մոնիտորինգ իրականացնող մարմինների  եւ դատախազության, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինների սերտ համագործակցությունը:

 «Հայաստանը, Մեծ Հայքը, պատմագրության մեջ հաճախ հիշատակվել է որպես անտառախիտ տարածքներով տերություն: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել բնության կողմից մեզ տրված այդ բարիքը»,-նշեց Ա. Հովսեփյանը` ամփոփելով քննարկումը: Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ քննարկումը կազմակերպել տեղերում` իրականացված միջոցառումների արդյունքները ամփոփելու ժամանակ: