Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.11.2012 | Ա. Հովսեփյան. Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի` օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի` ժողովրդի համար

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ   քննարկվել են  հետաքննության, նախաքննության, ինչպես նաեւ՝ դատախազական  հսկողության իրականացման ընթացքում  թույլ տրված թերացումներն ու  խախտումները, դրանց օբյեկտիվ  եւ սուբյեկտիվ դրսեւորումները:  Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են նաեւ օպերատիվ-հետախուզական, քննչական մարմինների, ստորաբաժանումների ղեկավարները, փորձաքննությունների ազգային բյուրոյի, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենները: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ըստ համակարգման ոլորտների ներկայացրեցին հետաքննության, նախաքննության,  դատարաններում մեղադրանքի պաշտպանության ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները, որակն ու հիմնախնդիրները՝ հանդես գալով դրանք վերացնելու ուղղությամբ կոնկրետ  առաջարկություններով:

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով»,- հայտարարեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար: «Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է  լինի բացատրելի օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի ժողովրդի համար»,- նշեց գլխավոր դատախազը՝ պահանջելով բարձրացնել նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակը: 


«Դատախազները  պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պաշտպանելու են դատարանում: Եւ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար, իսկ առանց հասարակության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:   

Ա.Հովսեփյանը նախազգուշացրեց, որ  քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա:  Չի հանդուրժվելու քրեական գործի նյութերի խեղաթյուրման որեւէ դեպք, պետք է բացառել «մատակարարված» մեղադրյալների երեւույթը, իսկ   արձանագրվելու  դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝  քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ով նաեւ ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, կարեւորեց  նախկինից դասեր չքաղած, համապատասխան հետևությունների չհանգած, ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը: «Անհրաժեշտ է ազատվել նման անձանցից և համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք իրենց գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով կնպաստեն դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կլինեն օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ և դրանց արդյունքում կնպաստեն դատախազության նկատմամբ հանրության վստահության աճին»,- նշեց Ա.Թամազյանը: 

Գլխավոր դատախազը հանձնարարեց որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները: «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ կարեւորելով ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլ նաեւ բարոյական նկարագիրը: Իսկ  տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները զգուշացվեցին, որ պատասխանատվության կենթարկվեն՝ ենթակաների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատագրեր ներկայացնելու համար: 

Գլխավոր դատախազը հանձնարարեց հայտնաբերված բացթողումների, խախտումների  կապակցությամբ հարուցել   կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության: 

Կոլեգիան հանձնարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանին ուսումնասիրել 2005-2012թթ. մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված եւ կասեցված քրեական գործերը, որոշումների հիմքերը, հետախուզական գործերը եւ արդյունքները ներկայացնել կոլեգիայի քննարկմանը:

Դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու համար հանձնարարվեց պահանջել եւ վարույթներին կցել դատական նիստերի ձայնագրառումները, որոնք համապատասխան ստորաբաժանումները ղեկավարող դատախազները ընտրանքային կարգով կուսումնասիրեն՝ պարզելու, թե ինչպիսի վարքագիծ են դրսեւորում դատախազները դատական նիստերի ժամանակ եւ որքանով են պատշաճ պաշտպանում մեղադրանքները: Միաժամանակ պահանջ դրվեց բոլոր դատախազների եւ նախաքննական մարմինների առջեւ՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի եւ չպատճառաբանված ձգձգումներից, հետամուտ լինել հանցագործություն կատարած անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության ենթարկելու հարցում: 

«Պետք է կրճատել տեղի ունեցած հանցագործության դեպքից մինչեւ հանցագործին դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ընկած ժամանակահատվածը: Այլապես՝ տարիներ շարունակ ձգձգելով նախաքննությունն ու դատաքննությունը՝ հասարակության մոտ կարծիք է ձեւավորվում, որ հանցագործը մնացել է անպատիժ:  Պատժողական քաղաքականությունը կծառայի իր նախականխիչ նշանակությանը, եթե հանցագործները դեպքից անմիջապես հետո ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազը: 

Դատախազության կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կոլեգիան կարտահայտի իր գնահատականը՝ կայացնելով համապատասխան որոշումներ, իսկ դրանց կատարումն ապահովելու նպատակով գլխավոր դատախազի կողմից կտրվեն գրավոր ցուցումներ,  հանձնարարականներ, հրամաններ: 

Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր  տեղի կունենան առանձին օպերատիվ խորհրդակցություններ՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ՝ փորձաքննությունների որակը բարելավելու ու ժամկետները կրճատելու նպատակով, ինչպես նաեւ ոստիկանության հետ՝ քննարկելու օպերատիվ-հետախուզական եւ քննչական մարմինների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

ՀՀ դատախազության ինտերնետային էջում կարող եք ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների՝ կոլեգիայում ունեցած ելույթներին: