Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

29.03.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է դիտորդական առաքելության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության  ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Ողջունելով դիտորդական առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը հավաստել  է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցման ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:  Ա.Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել  է 10 դատախազ, որի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով  հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ  մամուլի հրապարակումները»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով. «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»:  Տեղեկացնելով, որ   ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցակազմ՝  ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք հայտնեց, որ ստեղծված մեխանիզմը հնարավորություն կտա, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դառնան պատշաճ քննարկման առարկա: «Ստացված հաղորդումների եւ քննարկման ընթացքի, արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը  կտեղադրվի դատախազության ինտերնետային էջում, ինչը  հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ անձանց հետեւել ստացված բողոքների քննարկման ընթացքին եւ բարձրաձայնել, եթե որեւէ հաղորդում չգրանցվի եւ չդառնա իրավապահ մարմինների քննարկման առարկա»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան իր հերթին կարեւորեց  ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն՝ արձանագրելով, որ հենց այդ ընթացակարգն է լավագույն վկայությունը, թե որքանով են իշխանությունները հետամուտ եւ պատրաստակամ հարգելու ընտրական իրավունքը եւ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: Այս առումով տիկին  Շեկերինսկայան բարձր գնահատեց դատախազությունում ներդրված փորձը եւ հույս հայտնեց, որ այն իրոք կապահովի ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքների պատշաճ արձագանքը:

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց ոչ միայն հնարավոր ընտրախախտումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալն, այլ նաեւ նախականխիչ քայլերի ձեռնարկումը եւ արձանագրեց, որ այդ ուղղությամբ եւս դատախազությունը ձեռնարկել է որոշ քայլեր:  Մասնավորապես 2012 թվականի մարտի 23-ին կազմակերպվել է գիտագործնական համաժողով՝ իրազեկելով  ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների հետ  քննարկելով օրենսդրական մի շարք խնդիրներ: Եվ վստահեցրեց, որ այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն նաեւ ընտրական ողջ գործընթացի ժամանակ՝ հնարավորինս ապահովվելով ստեղծված աշխատանքի խմբի գործունեության հրապակայանությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: