Այսօր Ծաղկաձորում սկսվել է ՀՀ դատախազության և Քաղաքացիների շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների /ՇՊԱԿ/ համատեղ կազմակերպած «Կոռուպցիոն հանցագործությունների հատկորոշման առանձնահատկությունները և հաղորդումներ ներկայացնելու կարգը» թեմայով սեմինար –դասընթաց` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:
Սեմինարին մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատախազության տարածքային մարմինների և ՀՀ դատախազության աշխատակազմի աշխատակիցներ, հակակոռուպցիոն կենտրոնների և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:
Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը` արձանագրելով, որ վերջին տարիներին դատախազությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում հասարակության լայն շրջանակների հետ համագործակցությունն ապահովելու իրավական մեխանիզմները ձեւավորելու ուղղությամբ:
Մասնավորապես 2010թ. հասարակական կազմակերպությունների հետ ստորագրվեց մասնակցային համագործակցության մասին հուշագիր, իսկ 2011թ.` համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց ՇՊԱԿ-կենտրոնների հետ, եւ Ծաղկաձորում մեկնարկած սեմինարը նշված հուշագրի դրույթների գործնական կիրառման բնականոն շարունակությունն է:
Դասընթացը, որը կտեւի 2 օր, միտված է ՇՊԱԿ կենտրոնների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերապատրաստմանը, եւ բանախոսները հանդես կգան «Ինչպե±ս հատկորոշել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները», «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ներկայացման կարգը», «Կոռուպցիայի վերաբերյալ կրթության առանձնահատկությունները և նշանակությունը», «Կոռուպցիայի դեմ պայքարի դատավարական առանձին հիմնախնդիրներ» թեմաներով ծրագրային ելույթներով` վեր հանելով մի շարք խնդիրներ, պարզաբանելով կոնկրետ իրավիճակներում հակակոռուպցիոն կենտրոնների աշխատակիցների գործողությունների իրավական ըթացքի պահպանման նորմերը:
Ա. Դանիելյանը հույս հայտնեց, որ այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ՇՊԱԿ աշխատակիցները լավագույնս կօգտագործեն քաղաքացիների շահերի պաշտպանության գործընթացում:
Միջոցառման ընթացքում ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Հրազդան քաղաքի բնակիչ Գ. Աթասյանին շնորհվեց «Տարվա քաղաքացի» մրցանակը` իր խախտված իրավունքները վերականգնելու գործում լավագույնս պայքարելու համար:
ՀՀ դատախազության և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի միջև համագործակցության զարգացման գործում զգալի ավանդ ունենալու կապակցությամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, ինչպես նաև` դատախազության և ՇՊԱԿ աշխատակիցներ:
09.12.2011 | Սեմինար` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան
