ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին՝ գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա նպաստել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի դատաիրավապահ մարմինների կարողությունների զարգացման, աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ հավաստելով, որ այդ համագործակցության արդյունքում գրանցվել է տեսանելի դրական առաջընթաց մասնավորապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքում:
Դեսպանը կարեւորել է դատախազության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս դերը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության գործում, հանցավորության դեմ պայքարում:
Մտքեր փոխանակելով համագործակցության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ՝ կողմերը փաստել են անհրաժեշտությունը՝ ձեւավորելու համապատասխան իրավական հիմք՝ երկկողմանի փաստաթղթերի տեսքով, որոնցով առավել կհստակեցվեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմներն ու եղանակները: