ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան- Նոր Նորք վարչական շրջաններում ավազակային հարձակումներ գործած հանցավոր խմբի՝ բանդայի մի շարք անդամներ, բանդայի գործունեությունը ղեկավարած անձինք:
Հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ – գնդացիր, 5,45 մմ տրամաչափի «ԱԿ 74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի «ՏՕԶ - 49» տեսակի «ԻՔՍ – Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակ, 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540Պ» համարի ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակ, «ԲԼՈՈՒՑ 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակ և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, դիմակներ, ձեռնոցներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել է բանդիտիզմի եւ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու, նախապատրաստելու համար: Մասնավորապես՝ նախաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել`
Ա.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով,
Դ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ս.Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում որպես մեղադրյալ է ներգրավվել եւս մեկ անձ՝ Ա.Հայրապետյանը, ով մեղադրվում է թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդված), ում նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Կատարված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 25-ին ձերբակալվել է բանդայի պարագլուխներից մեկը: Նախնական տեղեկություններով բանդայի գործունեությունը ղեկավարելու մեջ կասկածվում է նախկինում 6 անգամ դատված, Երեւան քաղաքի բնակիչ, 50-ամյա Ա.Հակոբյանը: Սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է նաեւ քաղաքացի Ք.Ամոյանը, ով նույնպես կասկածվում է զինված բանդայի կազմում ավազակային հարձակումներ գործելու մեջ:
Նախաքննության տվյալներով բանդային կազմում ընդգրկվել են հիմնականում նախկինում մի քանի դատվածություն ունեցող անձինք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ բանդայի բոլոր անդամներին հայտնաբերելու, իրականացված ավազակային հարձակումների բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Նշված քրեական գործով նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազմի անմիջական հսկողության ներքո: Դատավարական ղեկավարումն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը: