ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը օգոստոսի 24-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պայմանավորվեցին համագործակցել դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները գնահատելու հարցում:
Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ն կաջակցի 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված Դատախազության մասինե ՀՀ օրենքի, դատախազությանը վերապահված գործառույթների, պարտականությունների ու լիազորությունների մասնագիտական վերլուծությանը՝ հրավիրելով միջազգային փորձագետի: Գնահատման միջոցով փորձագետը կմշակի դատախազության աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարելավելու նպատակով համապատասխան առաջարկություններ եւ դրանց իրականացման մեխանիզմներ: Իսկ դատախազությունը պատշաճ կարգով կկազմակերպի փորձագետի հանդիպումները կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաեւ նրա այցելությունները մարզեր՝ տեղերում ծանոթանալու իրավիճակին:
Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները ուսումնասիրելու նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս ՝ 2010 թվականի սեպտեմբերին՝ դեսպան Սերգեյ Կապինոսի հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների: Վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին ընդունված «Դատախազության մասինե ՀՀ օրենքով, որի կիրառման ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ:
Միջազգային փորձագետ հրավիրելու նպատակը հենց դա է՝ միջազգային փորձի հիման վրա կատարելագործել օրենսդրական դաշտը, շարունակել բարեփոխումներըե,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ավելացրեց. «Գործառույթներն ու լիազորությունները պետք է համահունչ լինեն: Յուրաքանչյուր լիազորություն ենթադրում է պատասխանատվություն եւ պարտականություն, իսկ յուրաքանչյուր գործառույթ պետք է ենթադրի նաեւ որոշակի լիազորություն՝ ստանձնած գործառույթները պատշաճ իրականացնելու համարե:
Հուշագրով նախատեսվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում փորձագետը կներկայացնի փորձագիտական գրավոր եզրակացություն՝ իրականացված բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկությունների փաթեթ՝ առկա խնդրահարույց հարցերը կարգավորելու նպատակով՝ հաշվի առնելով եվրոպական չափորոշիչները:
Հուշագրի ստորագրմամբ ձեւավորվեց իրավական հիմք՝ դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ դատախազության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը շարունակելու համար:
24.08.2011 | ՀՀ գլխավոր դատախազության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
