Տեսադարան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 18 դիմում՝ 77 7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.08.2011 | ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել՝ ավազակային հարձակումները բացահայտելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է  Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը:  Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը,  Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, Ավան եւ Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ ՆերսեսՆազարյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, նախաքննություն իրականացնող քննիչները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը տեղեկացրել է, որ ավազակային հարձակումները հիմնականում արձանագրվել են Երեւանի  Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան Նոր Նորք վարչական շրջաններում: Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:  Ընդ որում՝ քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեեւ, կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:

Նշված երկու վարչական շրջաններում ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 1-ը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է  4-5, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել  նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը: Եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին 1-2 դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության  թիվ 1 նախապայմանը՝ հանցագործության բացահայտումն է»,- ասել է գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Բանդիտիզմ): Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն կիրականացնի սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը:

ՀՀ գլխավոր դատախազը ոստիկանության ուշադրությունն է հրավիրել  նաեւ այն փաստի վրա, որ ընթացիկ տարում ընդհանրապես հանրապետությունում նկատվել է ավազակային հարձակումների աճ՝ հանձնարարելով ձեռնարկել կտրուկ միջոցառումներ դրանք բացահայտելու ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ դատախազության աշխատանքային ծրագրով նախատեսվել է  ուսումնասիրել 2010 թվականին եւ 2011 թվականի առաջին կիսամյակում  ավազակային հարձակման եղանակով հափշտակություններ կատարելու վերաբերյալ հաղորդումների գրանցման, հաշվառման, նշված քրեական գործերով նախաքննության օրինականության, մեղադրանքի պաշտպանության վիճակը, պատժողական քաղաքականությունը, պայմանական վաղաժամկետ ազատման դեպքերը: Ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն կոլեգիայի նիստում: